Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որտեղ կառավարությունը քննարկել եւ հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ այսօր ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչեւ հուլիսի 1-ը: «Միաժամանակ, քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչեւ 58 մլն 350 հազար դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչեւ փետրվարի 1-ը, հետաձգել մինչեւ հուլիսի 1-ը: Նախագիծը ճանաչվել է անհետաձգելի եւ ներկայացվել Ազգային ժողով: