ՀՀ Ֆինանսների նախարարությունը օրերս հրապարակեց 2014 ֆինանսական տարվա (հունվար-դեկտեմբեր) 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»՝ ընդհանուր հաշվով ՀՀ պետբյուջե վճարելով 42,8 մլրդ. դրամի հարկ:
«Գազպրոմ Արմենիայի»` ՀՀ պետբյուջե վճարած հարկերի հիմնական մասը (մոտ 88%) կազմում են անուղղակի հարկերը: Հատկանշական է, որ այս կազմակերպության վճարած հարկերը 2014 թվականին ավելացել են մոտ 22,5%, այն դեպքում, երբ բոլոր 1000 հարկատուների` պետբյուջե վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է ընդամենը 5,3 %-ով: Սա ի ցույց է դնում բնակչության էներգետիկ ծախսերի բեռի ավելացումը, քանի որ վերջին հաշվով անուղղակի հարկերի վճարողը սպառողն է:
ՀՀ պետ.բյուջե վճարված հարկերի ծավալով առաջին հնգյակում են գտնվում նաև Ղ-Տելեկոմը, Ալեքս Գրիգը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Արմենիա տելեֆոն կոմպանին:
Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարի զիջել է առաջատարի իր դիրքը` հայտնվելով ցանկի չորրորդ տեղում: Դա մեծապես պայմանավորված է միջազգային շուկաներում (մասնավորապես` Լոնդոնի մետաղների բորսայում) պղնձի գնի շարունակական անկմամբ:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ բոլոր 21 բանկերը ներառված են խոշորագույն հարկատուների 1000-յակում, ընդհանուր առմամբ պետբյուջե վճարելով ավելի քան 37,5 մլրդ. դրամի հարկ (ընդհանուրի 5,3%):
2014թ. առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.taxservice.am/Content.aspx?itn=TILists