Հայաստանաբնակ արտահանող գործարարները այսուհետ կարող են աշխատել մեծ եկամտաբերությամբ՝ վճարելով ավելի քիչ շահութահարկ: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նախագծին, որի ընդունման դեպքում հարկային լրացուցիչ խթաններ կտրամադրվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրով ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողներին:
Այս նախաձեռնության արդյունքում պետությունը մոտ տասն անգամ նվազեցնելով շահութահարկի դրույքաչափը՝ նպատակ է դրել նպաստել տնտեսական աճի տեմպերի ավելացմանը, ներդրումների աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու պետբյուջե լրացուցիչ եկամուտների ապահովմանը: Ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը առաջարկվում է նվազեցնել 10 անգամ՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն՝ սահմանելով 2 տոկոս: Այս արտոնությունից, սակայն կարող են օգտվել միայն արտահանմամբ զբաղվող եւ տարեկան 50 մլրդ դրամի արտահանում ունեցող տնտեսվարողներն ու արտահանող ընկերությունները:
«Սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից է, որով մենք փորձում ենք խթանել արտահանումը, – այս առնչությամբ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում 50 մլրդ դրամի ապրանք կարտահանեն մեր երկրից, ապա դա իրոք եւ՛ աշխատատեղերի ստեղծում է, եւ լրացուցիչ եկամուտներ կապահովի մեր պետական բյուջեում: Սա պետք է խրախուսենք եւ բոլորս խոսենք այս օրենքի նախագծի մասին, որպեսզի նաև տեղյակ լինեն մեր հայրենակիցները և բոլոր այն գործարարները, ովքեր կցանկանան կազմակերպել արտահանում: Մենք մի քանի անգամ քննարկել ենք այս խնդիրը, այն չի կարող վերաբերել հանքարդյունաբերության ոլորտին: Ես կարծում եմ, որ սա մեծ խթան կհանդիսանա արտահանումն ավելացնելու համար»:
Սակայն այս հարկային աննախադեպ արտոնությունից չեն կարողանա օգտվել հանքարդյունաբերության ոլորտի տնտեսվարողները: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը համոզված է, որ այդ պարագայում չի բացառվում, որ մի քանի ընկերություններ միավորվեն եւ ձեռք բերեն այս արտոնությունից օգտվելու հնարավորություն: Ուստի օրենքում դրվել են հստակ սահմանափակումներ՝ կանխելու համար նման չարաշահումները:
ՀՀ վարչապետի հրահանգով «Շահութահարկի մասինե օրենքի փոփոխությունը պետք է կատարել հրատապ կարգով, քանի որ այն անմիջապես բխում է երկրի ներդրումային միջավայրից եւ տնտեսության զարգացման հեռանկարներից:
Հավանության է արժանացել «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասինե օրենքի նախագիծը, որով հստակորեն սահմանվում են հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկերի հաշվարկման հիմքերը եւ մեթոդները, կատարելագործվում հարկվող օբյեկտների գնահատման եւ հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմները: