Հարկատուները նոր փորձության առաջ են կանգնել

Հարկատուների համար մոտենում է հարկային տարին ամփոփող գլխավոր հաշվետվության՝ տարեկան շահութահարկի և եկամտային հարկի հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը՝ ապրիլի 15-ը:
Չնայած այս հանգամանքին, հարկատուներն ըստ էության զրկված են իրենց պարտականություններն օրենքով սահմանված կարգով կատարելու հնարավորությունից, ինչի համար էլ մտահոգված և տարակուսած են:
Բանն այն է, որ ոչ վաղ անցյալում հարկային օրենսդրությունում հենց հարկային մարմնի կողմից կատարված նորամուծությունների արդյունքում արդեն այսօր ընդհանուր հարկման դաշտում աշխատող բոլոր հարկատուները պարտավորված են հարկային հաշվետվությունները՝ մասնավորապես շահութահարկի 2014 թ. հաշվարկը ու նաև եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:
Չնայած ոլորտում գործող բազմաթիվ մասնագետների կողմից տարբեր հարթակներում հնչեցվող կարծիքին, որ էլեկտրոնայնացումը պետք է լինի ցանկալի և կամավոր, նույնիսկ որոշակի առավելություններ տրամադրող գործընթաց, այլ ոչ թե պարտադրանք, հարկային մարմնի պնդմամբ ընդունվեց և օրինական ուժ ստացավ հաշվարկ-հաշվետվությունների բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացման պարտավորությունը:
Այդպիսով, հարկային մարմինն ինքը զրկել է հարկատուներին օրենքով սահմանված իրենց պարտականությունը կատարելու հնարավորությունից:
Հարկային մարմնի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կայքում մինչ օրս՝ 2015 թ.-ի մարտի 9-ին, դեռևս տեղադրված չեն 2014 թ. շահութահարկի հաշվարկի և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող եկամտային հարկի տարեկան հաշվարկի ձևերը:
Հենց սրանով էլ պայմանավորված է բազմաթիվ հարկատուների տարակուսանքը: Նրանք չեն հասկանում, թե ինչպես պետական մարմինը, որը տարածում էր էլեկտրոնայնացման գաղափարը, մինչ օրս չի ապահովել հաշվարկ-հաշվետվությունները սկսած 2015թ. հունվարի մեկից ներկայացնելու օրինական իրավունքի իրացման մեխանիզմը՝ էլեկտրոնային համակարգում հաշվարկների օրինակելի ձևերը /լրացման հնարավորությամբ/:
Հարկային մարմնի տարբեր աշխատակիցներ ստեղծված իրավիճակը պարզաբանում են հաշվարկների նոր ձևերի տեղադրման հետ կապված տեխնիկական խնդիրներով, ինչը հիմնավոր փաստարկ չի կարող լինել, քանի որ օրինակ շահութահարկի հաշվարկի համապատասխան ձևի մասին հարկային մարմինը որոշում է ընդունել դեռևս նախորդ տարի հոկտեմբեր ամսին: Դրանում էական փոփոխություններ չեն կատարվել: Ու անգամ այդ ձևերի էականորեն փոփոխման արդյունքում հասկանալի չէ, թե ինչու մինչ օրս չկան դրանց էլեկտրոնային տարբերակները:
Օրենքին հակասող ու պետական մարմնի անգործության կամ սեփական պարտավորությունները պատշաճ չկատարելու օրինակ հանդիսացող իրավիճակն ավելի է խորացնում հարկ վճարողների սպասարկման կենտրոնի կողմից հարկատուներին տրվող պատասխանը, թե “տարածքային հարկային տեսչություններին ներքին հրահանգ է տրված առանց խոչընդոտների ընդունել հարկատուների կողմից ներկայացված տարեկան հաշվարկները թղթային եղանակով”:
Ստացվում է, որ պետական մարմինը չի կարողանում ապահովել օրենքի կիրառությունն ու ներքին հրահանգով փաստացի ասում է՝ «ոչինչ, որ օրենքը պահանջում է, ընդունեք օրենքի խախտմամբ»:
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ այս իրավիճակն ստեղծված է միանգամայն գիտակցված՝ հետագայում, անցում կատարելով հարկային հարաբերություններում նախկինում հայտնի մեթոդին, հարկատուների արդեն իսկ ներկայացրած հաշվարկները հարկի գումարի ավելացմամբ փոխելու պահանջների ներկայացման հեշտացման նպատակով:
Բանն այն է, որ էլեկտրոնային եղանակով ներկայացված հաշվետվությունների փոփոխման միակ տարբերակը կլինի նախկինում ներկայացված հաշվարկի ճշգրտումը, ինչը տարօրինակ վիճակագրության առկայության հիմք կարող է դառնալ: Ու հանկարծ կարող է ստացվել, որ մեծ թվով հարկատուներ ճշգրտում են իրենց հաշվարկները նախապես ներկայացնելուց կարճ ժամանակ անց, ու «տարրօրինակ» կերպով բոլոր ճշգրտումները կատարվում են հարկի գումարի ավելացմամբ
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/economy/view/111506#sthash.hBKtRiy6.FZkMk1y9.dpuf